Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն Ղարաբաղի հարցում «գնալու է մինչեւ վերջ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Բաքուն գնալու է «մինչեւ վերջ»:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մենք պաշտպանում ենք արդարությունը: Այս հարցում գնալու ենք մինչեւ վերջ»,-հայտարարել է Ալիեւը՝ ադրբեջանցիներին ուղղված իր տեսաուղերձում:

Նա նաեւ հայտարարել է, որ Բաքուն դեմ չէ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնեւում սպասվող հանդիպմանը, սակայն փորձում է գտնել այդ հանդիպման «իմաստը»:

«ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում որոշվեց, որ մի քանի օր անց Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ժնեւում (ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար): Ես դեմ չեմ, թող հանդիպեն: Բայց մենք ուզում ենք, որ բանակցությունները բովանդակալից լինեն, իմաստ ունենան, արագացնեն հակամարտության լուծումը», — ասել է Ալիեւը:

Ըստ նրա, սառեցված ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու էր բոլորին, բացի Բաքվից.
«Երեւանը ցանկանում էր այդպիսի արդյունք. Բանակցությունները շարունակվելու էին հավերժ, մեզ անընդհատ խաբելու համար, որպեսզի այս խնդիրը սառեցվի, հավերժ մնա, որպեսզի մեր տարածքները հավերժ օկուպացված մնան»:

Ըստ Ալիեւի, Ադրբեջանը Ղարաբաղում ստեղծում է «նոր իրողություն», որի հետ Երեւանը պետք է հաշվի նստի:

Ադրբեջանի նախագահը ավելացրել է, որ բազմիցս պահանջել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, սակայն դա չի արվել: Ալիեւը խոսել է նաեւ հակամարտության խաղաղ լուծման մասին՝ դարձյալ ներկայացնելով իր պահանջները.

«Եթե խաղաղ եք ուզում, լավ է, որ մեզ անհապաղ տրամադրվի հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց: Հայաստանը մեզ դեռ նման ժամանակացույց չի տրամադրել: Եթե հարցը մնա «սառեցված», դա մեզ չի սազում »:

Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաեւ թուրքական կործանիչների թեմային`հայտնելով, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչներ՝ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում:

Ըստ նրա, ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են իրեն, թե ինչի համար են պետք Ադրբեջանին թուրքական F-16- ները:

«Հոգնել եմ նույն հարցին պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չե՞ք կարող նայել, չգիտե՞ք ինչ ենք անում: Բացեք եւ նայեք`որտեղ են դրանք, օդում կամ գետնին հիմա F-16 կա՞ն: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ այստեղ են եկել վարժանքների ընթացքում, դրանց մասնակցելու համար, բայց պատերազմի սկզբին նրանք մնացին այստեղ:

Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16- ների ուժը», -հայտարարել է Ալիեւը՝ հավելելով, որ կործանիչները օգնություն են Թուրքիայից:

Այնինչ, հիշեցնենք, պատերազմի առաջին օրերից հայկական կողմը հայտարարել էր թուրքական միջամտության եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի ռազմական ավիացիայի կազմում թուրքական F-16- ների առկայության մասին: Ադրբեջանի նախագահն ու նրա խորհրդական Հիքմեթ Գաջիեւը համառորեն, ամեն գնով պնդում էին, որ դրանք Ադրբեջանում չկան: Այս պնդումները շարունակվեցին այնքան ժամանակ, մինչեւ ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որոնք հավաստում էին F-16 կործանիչների առկայությունն Ադրբեջանի տարածքում: Միայն այս ամենից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց հայտարարել, թե թուրքական կործանիչները Ադրբեջանում են, սակայն գետնին եւ օդ չեն բարձրանում:
աղբյոր

(Visited 850 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: